«Մե բուռ հողը». Արթուր Հակոբյան

Կսեն օր մեր երկիրը շատ հարուստ պատմություն ունի, բայց էդ պատմության մեջ հեչ մե անգամմ չգտա, թե ընչի՞ մենք միշտ մենակ կմնանք: Հիշեմգը օր մե անգամ պապիս հետ նստած խոսայինգը ու իրան լիքը հարցեր կուդայի մեր երկրի մասին: Ես էդ վախտ 17 տարեկան էի:
-Պապ, էսօր ընկեր Մարգարյանը Մոնթեի մասին մեզի կպատմեր ու կսեր օր այ օր հմի Մոնթեն եղնիր, սպես չէինք եղնի: Էդ ի՞նչղ կեղնի օր Մոնթեի նման հերոսներ ունեցող ազգ ենք, բայց սադա կռիվների մեջ ենք: Ի՞նչ գուզեն մեզնից
Պապս, էդ վախտ ուշադիր նայերգը, թե ո՞ր հարցիս պատասխանե, բայց կոպալը ձեռը դողցնելով պատասխանեց.
-Էհ բալես, աշխարհը մեզի չի սիրե
-Ընչի՞
-Մեջներս շատ արև կա, մեջներս շատ պայքար կա, մեջներս քու Մոնթեի նման տղեք կան, որոնց կեսը հողի տագը գնաց, քուն մտավ: Մեր ցավին բիլա նախանձենգը
-Ցա՞վին, այ պապ
-Հա: Էդ ցավը դաժը մեզի չի կոդրե: Հիշե՞սգը Թումանյանը կսեր «Ու մեր աչքերը նայում են կարոտ՝ Հեռու աստղերին»...
Դու էս նախադասությունը օր կլսես, ի՞նչ կպատկերացես
-Եսիմ: Սպասի աչքերս փակեմ, հլը նորից ըսա
-Ու մեր աչքերը նայում են կարոտ՝Հեռու աստղերին: Էդ աստղերը ի՞նչղ կտեսնիս օր աչքերդ կփակես
-Պապ, գիտե՞ս ինչ զգացի՝ ինչղոր մե մարդմ եղնիր, դոշի վրած գրած՝ «Հույս»:
-Պատկերացում ունիս, աբրիս: Էս բառերը օր ես կսեմ, էն սահմանին կանգնած երեխեքին կպատկերացնեմ: Դու նայե՞լ ես իրանց աչքերի մեջը: Ինչքան հույս կա... ես ուղղակի կապշիմ օր էդ մե մատմ երեխեքի մեջ ըդքան հայություն կա: Ինչ-օր պատկերացրեցիր, ճիշտ էր: Հենց էդ գրությունը իրանց աչքերի մեջ տանելով էդ երեխեքը կապրցնեն սաղիս: Ես կտեսնի՞ս, թե ինչքան մեծ եմ արդեն, բայց կհավատա՞ս էդ աչքերի փայլն ու ցավը մեկ քու աչքերիդ մեջ եմ տեսել, մեկ էլ էդ երեխեքի:
-Ի՞մ
- Հերդ երբ օր կամավոր գրվավ, գնաց պատերազմ, մենք մնացինք անտեր: Հեչ չէր եղել օր սեփական տանս մեջ ես ընձի մենակ զգայի: Գիշերը կզարթնեի, չէի կռնա շնչեի, գելնեի տեղիցս, մեկ էլ տեսնեիգը օր զալի լույսը կվառվիր: Մերդ ընդեղ կողքդ նստած գուլար: Դու գզգայիր ու հենց օր գուլար, զարթնեիրգը, նայեիրգը դեմքին ու կխնդայիր: Էդ ժամանակ նայեիգը քո աչքերիդ ու հույս ու ցավ կտեսնեի:
-Ըբը ընչի՞ ցավ
-Դե թող պատմեմ:
-Լավ, ըսա պապ ջան
-Էդ անքուն գիշերներից մեկն էր: Մերդ էլի գուլար, աչքերդ բացեցիր էլի ու սկսեցիր բարձր ձենով լալ:
-Ընչի՞ գուլաս պապ
-Ու էդ օրը... էդ գիշերը տունս քանդվավ՝ հերդ զոհվավ: Չիդեմ, ինչ եղավ քո հետդ օր սկսեցիր էլ վապշե գիշերները չլալ, էլի նայեիրգը մորդ ու կժպտայիր: Մյուս տարի դու էլ բանակ բդի երթաս ու հերդ մե նամակմ է ղրկած եղել ու սել է, օր քեզի տամ մենակ էն ժամանակ, երբ քիչմ մեծնաս..
-Ընչի՞ մինչև հմի չէիր տա: Սենք երեկ կամ առաջին օրը
-Որովհետև գուզեի օր մե բառմ խոսաս Հայաստանի մասին, օր հասկնամ օր սիրտդ կցավա էս մե բուռ հողի համար: Ան, կարդա...
-Տղուս՝ Նժդեհին
-Բարձր կարդա՛ կարոտս առնիմ
Տղա ջան, իմ Նժդեհս...
Եթե դու էս նամակը կկարդաս, ուրեմն արդեն մեծ տղա ես դառել ու քիչ թե շատ կհասկնաս, թե էս կյանքում ինչը ինչոց է: Քեզի մե կարևոր խորհուրդմ բդի տամ, բայց ոչ որպես մենակ քու հեր, այլ որպես ազատամարտիկ:
Նժդեհ ջան, կյանքիդ մեռնիմ, եթե աշխարհում երբևէ քեզի մենակ զգաս, ձեռդ բռունցք էրա ու տես ինչքան ուժ կա մեջդ: Էդ ուժը մենակ ընձնից չէ քեզի ժառանգվել: Այլ էն հողից, որի համար հմի կռիվ կուդանք... Էս հողի մեջ իրան ամրացնող ուժը ըդիգ զինվորի թափած արունն է, որով ինքը սաղիս կապրցնե ու եթե շատ արուն կուդա, մեզի կմեռցնե: Ես գուզեմ օր դու հմիկվանից ծանոթնաս քո հողիդ հետ, մտքովդ չանցնի օրերից մե օրըմ հայ մարդուն կատեգորիաների բաժնես՝ ղարաբաղցի է, Արտաշատցի է... Մենք հմի սաղս ստեղ կանգնած կհասկնանք, թե ինչքան շատ կսիրենք մեր երկիրը, ինչքան ամուր թելերով ենք իրան կապված: Լրիվ նմանվել ենք էն երեխեքին, օր մերերին գրկենգը ու չեն ուզե պոկ գան: Տղա ջան, գուզեմ քեզի սեմ օր կյանքում լիքը դաժան օրեր կռնան եղնին, կռնա մե գործդ չստացվի, բայց սաղ կյանքդ անունիդ նման բդի հիշես՝ օր էս հողից չեն հեռենա, երբ օր գործերդ լավ չէ: Ըդիգ նույնն է՝ ինչխոր մերդ հիվանդ եղնի, սենյակի դուռը փակես օր չլսես, օր դեղ գուզե: Ես քեզի ամեն ինչից վեր կսիրեմ...
թուշիկներդ կպաչեմ, իմ ապագա հերոս...
Պապա
-Պապ, դու կլսե՞ս բառերը: Սիրտս լցվավ...
-Վայ, քա էդ գուլա՞ս: Հըլը սրբե արցունքներդ: Անունդ Նժդեհ է, դու ինչղ կռնաս լաս:
Ես էս նամակը դրեցի Աստվածաշնչի մեջ ու պահեցի: Հանեցի մենակ էն օրը, երբ օր բանակ բդի երթայի, դրեցի գրպանս ու հետս տարա... Մե ձևիմ թալիսմանս ինչղ-որ եղնիր:
2020թ. սեպտեմբերի 25
Մամ, պապ,
Պապայի նամակը օր հետս տարա, ընբես հանգիստ եմ, երևի թուրքը օր հրացանով զարգե մե կաթիլմ արուն դաժը չի պակսի: Գուզեմ սեմ օր շատ եմ կարոտծել Ձեզի: Էդ օր կսեն լարված է սահմանին, սուտ է: Հանգի՛ստ եղեք: Մայրանուշ տոտայի նման՝ սաղ օրը բարձր կխնդամ:
2022թ. Նոյեմբերի 7
-Էս ի՞նչ համար է, չեղնի՞ տղես է:
Ալո:
-Ալո, մա՞մ:
-Ջաաաաա՜ն, իմ տղա, ջաաա՜ն, փա՛ռք Քեզ Աստված
-Մամ ջան, հեդս սաղ լավ է
-Ըբը ինչղ քեզի գտա՞ն:
-Մամ էլ չեմ կռնա խոսամ, սի զանգեմ սեմ, օր լավ եմ
Պապիս մահից հետո, վապշե մեջքս ջարդավ, բայց դե իրավունք չունիմ լաց եղնելու, թե չէ պապս կջաղյնանա: Հորս գրածները հմի լրիվ ուրիշ ձև կհասկնամ օր կսեր՝ «եթե աշխարհում երբևէ քեզի մենակ զգաս, ձեռդ բռունցք էրա ու տես ինչքան ուժ կա մեջդ»: դ ուժը դուք ընձի կտակեցիք, դու, Նժդեհը, Մոնթեն: Ուղղակի ով գուզե իրա ձեռքին տեսնիգը էդ բռունցքը, ով գուզե չի տեսնի:
Եռաբլուր 2022թ.
Գիտեմ օր սաղ տեսել ես, պապ: Ինչ կրացե երել ենք: Ինչ կրացե պահել ենք: Բայց ինչ գուզե եղնի, խոստանամգը քեզի՝ չեմ երթա ստեղից, դուռը չեմ փակե, օր լսեմ ի՞նչ դեղ է պետք էս մե բուռ հողին...
Արթուր Հակոբյան
14.09.2022թ.